ԿՅԱՆՔԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀԱՅԱԲՆԱԿ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ։
Կյանքը Վրաստանի կարանտինային շրջանների հայաբնակ գյուղերում:Գիտա Էլիբեկյան 26 Մարտի, 2020,
Վրաստանի կարանտինային գոտի հայտարարված Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանի բոլոր բնակավայրերում այս պահին ջերմաչափումներ են իրականացվում։ «Ռադիոլուրին» հայաբնակ գյուղերի բնակիչներն ասել են, որ իրենց մոտ խուճապ չկա, մթերային խանութները բաց են, գյուղացիները սկսել են աշխատանքներն իրենց այգիներում ՝ հնարավորինս կապը խզելով Մառնեուլիի կենտրոնի հետ, որը այսօր համարվում է վարակի ևս մեկ՝ նոր աղբյուրի էպիկենտրոն։
Վրաստանի Մառնեուլիի շրջկենտրոնից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի սահմանակից Աղքյորփի գյուղում բնակիչները հաղորդագրություն ստացան վրացերեն ու ադրբեջաներեն լեզուներով, որ շրջանը որտեղ ապրում են իրենք, խիստ կարանտինային գոտի է հայտարարվել։
Հայաբնակ այս գյուղի բնակիչ Աննա Թանդարյանը «Ռադիոլուրին» ասում է, որ ավագ սերունդը, ով չի տիրապետում երկրի պետական լեզվին, մի փոքր ուշ իմացավ, թե ինչ է կատարվում։ Տեղաշարժի արգելք, սակայն Մառնեուլիի ներսում, չկա․ «Ամեն ինչ բաց է, ըստ իս, հենց դա արդեն խնդիր է․ գյուղերի մուտքերի մոտ ևս պետք է ստուգումներ անցկացվեն, ախտահանվեն գյուղ մտնող մեքենաները, որովհետև, եթե վիրուսը տարածվի գյուղերում, շատ ավելի է բարդանալու ու անվերահսկելի դառնալու»։
Քվեմո Քարթլիի (նահանգ) Մառնեուլիի ու Բոլնիսիի շրջաններում Վրաստանի իշխանությունները խիստ կարանտինային ռեժիմ մտցրեցին այն բանից հետո, երբ պարզվեց կորոնավիրուսով վարակված մառնեուլցի կինը հարյուրավոր մարդկանց հետ է շփվել, մասնակցել սգո արարողության, նրա կոնտակտների շրջանակը դեռ լիովին բացահայտված չէ։
Հիշյալ շրջանների մուտքերն ու ելքերը փակ են, սակայն ներսում թեև հասարակական տրանսպորտի գործունեությունը դադարեցված է, այդուհանդերձ բնակավայրերի միջև ու մասնավորապես կենտրոնի՝ Մառնեուլիի հետ կապը շարունակվում է։ Առանց Մառնեուլի քաղաքի, այս համայնքերում կյանքը կդժվարանա։ Մառնեուլիի սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) Աղքյորփի և Չանախչի գյուղերի վարչական միավորի ներկայացուցիչ Արամ Կարապետյանն ասում է․
«Մենք՝ հարևաններով բարեկամներով ու կամավորներով, կազմակերպում ենք գնումներ շրջկենտրոնից։ Մեր կամավորները հարևաններից վերցնում են ցուցակները՝ ում ինչ է պետք, որպեսզի գնեն։ Օրինակ անասնակերի համար ենք գնում կենտրոն, դեղորայքի, ալյուրը Մառնեուլիից ենք բերում կամ Շուլավերից․․․»
Այս գյուղերում ջերմաչափումներ են իրականացվում, միայն Հայաստանից ժամանած մի ընտանիք այստեղ 14 օրով մեկուսացված է։ Հայաբնակ մյուս գյուղերում՝ Խոժոռնիում, Բերդաձորում, Գյուլուբաղում և Ծոփիում նույնպես ջերմաչափումներ են ընթանում, միայն մեկ հոգու՝ 37,5 աստիճան տաքության մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին։ Ամենայն հավանականությամբ մրսածություն է, «Ռադիոլուրին» փոխանցեց հիշյալ գյուղերի վարչական միավորի պատգամավոր Արսեն Հախվերդյանը․ «Այսօր մոտ 150 տուն ենք մտել, ջերմություն ենք չափում, ժողովրդին հանգստացնում, ամենակարևորը մարդիկ խուճապի մեջ չեն, բայց զգոն են»։
Մառնեուլի քաղաքին առավել մոտ՝ 4 կմ հեռավորության վրա գտնվող հայերով, ադրբեջանցիներով ու վրացիներով բնակեցված Միրզոևկայում առավոտից մեքենա է շրջում, բարձրախոսներով երեք լեզուներով կոչ անում՝ մնալ տանը։ Միրզոևկա գյուղի հայկական դպրոցի տնօրեն Վանիկ Հարոսյանը ասաց՝ մարդիկ տանն են, իրենց այգիներում աշխատում են, միայն իր դպրոցի ուսուցիչները չեն կարող հասնել Թբիլիսի՝ հեռավար ուսուցումը հայերենով սկսելու համար․
«Հիմա ԿԳՆ-ը նախապատրաստվում է պետական մակարդակով դասերը սկսել առցանց։ Մեր երկու ուսուցիչները ևս պետք է Թբիլիսիից դասեր վարեին, սակայն այս կարանտինային ռեժիմից հետո չեն կարող դուրս գալ շրջանից»։
Մառնեուլիի շրջանում ավելի քան 10 հայկական գյուղ կա, մերձակա Բոլնիսին, որը ևս կարանտինային գոտում է՝ երկու հայկական գյուղ։ Լսենք Բոլնիսի գյուղից Վարդան Մանուչարյանին․
«Խուճապը Մառնեուլիում է, որտեղ հուղարկավորություն է եղել։ Մեր շրջանից ևս ունեն բարեկամ ադրբեջանցիներ, ովքեր ներկա են եղել։ Այդ պատճառով Բոլնիսին ևս կարանտինային գոտում է։ Չի թույլատրվում Բոլնիսիից Մառնեուլի կամ հակառակը։ Ճիշտ միջոցառում է, որ պետք է կանգնեցնի վարակի տարածումը»։
Комментарии
Отправить комментарий